Եղեգիս

Վերադառնալ գլխավոր էջ


Եղեգիս 1: Եղեգիս (Ալայազ). Հղում

Եղեգիս (Ալայազ)

Միջնադարյան Եղեգիսը Հայաստանի ամենահարուստ քաղաքներից մեկն է եղել։ 13-14-րդ դդ. այն Օրբելյան (Պռոշյան) իշխանական տան նստավայրն էր։ Օրբելյանների ու նրանց հետ ազգակցական կապ ունեցող Պռոշյանների տիրապետության տակ էր Զանգեզուրի (այժմ` Վայոց Ձոր, Սյունիք, Գեղարքունիք, Արարատ և Կոտայք) մեծ մասը, բայց 15-րդ դ. նրանք արդեն սպառված ուժ էին` պարտություն կրելով Լենկթեմուրից, թուրքմեններից և պարսիկներից։ Երկրաշարժի հետևանքով ավերված քաղաքը լքել է Պարսկաստան աքսորված հայ բնակչությունը, իսկ ավելի ուշ շրջանի բնակիչներն այն վերանվանեցին Ալայազ։ Սումգայիթի փախստականները բնակեցրեցին գյուղը 1988 թ.` վերադարձնելով գյուղին իր սկզբնական անունը։

Տեսարժան վայրեր`

Գյուղ մտնելուն պես կտեսնեք երկու հուշարձան (1)։ Աջակողմյան հուշարձանը ծածկված է 12-13-րդ դդ. հոյակերտ խաչքարով` սրածայր ծածկի մեջ առնված։ Խաչքարի մակերեսը խամրած է, այդուհանդերձ, վերնամասում երևում է գահին նստած Քրիստոսը` երկու կողքից` սրբեր։ Մյուս խաչքարը ձախ կողմում է` քարե ջրաղացի հանդիպակաց կողմում։

Անմիջապես հետո կտեսնեք պարսպապատ բակը` Օրբելյան ընտանիքի անդամների տապանաքարերով և խաչքարերով (2)։ Կողք կողքի տեղադրված խաչքարերը պսակված են քանդակազարդ թմբուկով. հնարավոր է, դա ժամանակին այստեղ եղած մատուռի մնացորդներից է։ Փորագրությունները թվագրվում են 12-14-րդ դարերով։

Եռանավ Սբ. Աստվածածին մատուռը (3) կառուցվել է 1703 թ.` ավելի հին եկեղեցու ավերակների վրա։ Արևմտյան պատի լուսամուտի բարավորի կամարի տակ հին խաչքար է քանդակված։ Դռան բարավորի կամարի երկու կողմերից պատկերված են թագակիր ծովահարսեր։ Այդ պատկերը լայն տարածում ուներ միջնադարում` հավանաբար խորհրդանշելով թագավորական իշխանություն։ Յուրաքանչյուր պատկերի հետևում կերտված են Կենաց ծառի տերևներ։

13-րդ դ. Սբ. Կարապետ եկեղեցին (4) լավ պահպանված գմբեթավոր խաչաձև փոքր կառույց է։ Այստեղ կարելի է տեսնել բազմաթիվ խաչքարեր և տապանաքարեր (որոնցից մի քանիսը շատ հին են)։ Բակի մուտքին նայող կիսաթաղ խաչքարի վրա փորագրված են “Թ Վ Չ Ծ” տառերը («750 թ.»)` ըստ որի այն թվագրվում է մ.թ. 1301 թվականով։ Խաչքարերից մեկը հատկապես աչքի է ընկնում ստեղծման տարեթվով։ Խաչաթևերի կողքերում` անկյունային հատվածներում, մեծ տառերով գրված է «Թ Վ Ղ Ը» («98 թ.»), ինչը նշանակում է, որ խաչքարը կերտվել է մեր թվարկության 699 թ.։ Մյուսները թվագրվում են 1301, 1381, 1325, 1342, 1345 և 1349 թվականներով։ Ինչպես վկայում են արձանագրությունները, եկեղեցին կառուցել է Ներսես Նահատակը։

Զորաց եկեղեցին (5) գտնվում է գյուղի արևելյան կողմում։ Գյուղի կենտրոնում պահպանվել են հնադարյան թաղածածկ կաթողիկե փոքր եկեղեցու ավերակները` 10-րդ դարով թվագրվող, թեև ավելի վաղ կառույցից կերտված լինելու նշաններ է կրում։

Գետի մյուս կողմում, ուր կարելի է հասնել ներքևի ճանապարհով և կամրջով, Եղեգիսի հրեական համայնքի գերեզմանատունն է (6)։ 13-րդ դարի գերեզմանները Եղեգիսում ժամանակին ակտիվ համայնքի մասին են վկայում` Օրբելյան-Պռոշյան ընտանիքների տիրապետության ծաղկունքի ժամանակաշրջանում։

 

 

Հղում`

1. Խաչքարը
2. Օրբելյանների գերեզմանները
3. Սբ. Աստվածածին եկեղեցին
4. Սբ. Կարապետ եկեղեցին
5. Զորաց եկեղեցին
6. Հրեական համայնքի գերեզմանատունը