Եղեգիս

Վերադառնալ գլխավոր էջ


Եղեգիս 4: Արձանագրությունները

Արձանագրությունները

Բազալտից տաշված տապանաքարերի եբրայերեն, իսկ երբեմն էլ` արամեերեն, սեպագիր արձանագրությունները հնարավորություն են տալիս մոտավոր պատկերացում կազմելու հրեական համայնքի մասին, որն ապրում էր այն ժամանակ ծաղկուն քաղաք Եղեգիսին կից` 13-րդ դարի կեսից մինչև 1337 թ.։

Արձանագրությունները հնարավորություն են տալիս գաղափար կազմելու այստեղ հողին հանձնված մարդկանց կյանքի և երկնային կյանքի գոյության հույսերի մասին։ Արձանագրություններում կան մեջբերումներ Աստվածաշնչից, ինչպես նաև եբրայական անուններ։

Արձանագրություններից մեկը այսպիսի տեսք ունի` «Niftar Baba dar David behodesh Tamuz shnat aleph-taf-resh - dokhran tav lenichot nafshata» («Դավիթի որդի Բաբան մահացել է 1600-րդ տարվա Թամուզ ամսին»)` նվիրված համայնքի անդամներից մեկի հիշատակին։ Տապանաքարի թվագրությունը բերվում է համաձայն ժամանակային փոխհաջորդման վիճակագրական հաշվարկների, որից օգտվում էին արևելյան հրեաները (Եմենի հրեաները մինչ այժմ օգտվում են) և համարժեք է մեր օրացույցի 1289 թ.։ Արամեերեն արձանագրությունը ննջեցյալին «քաղցր հուշեր և հոգու հանգստություն» է մաղթում։

Մեկ այլ տապանագրում հայրը սգում է վաղամեռիկ որդու մահը և իր հավատն արտահայտում հոգու անմահությանը` ննջեցյալների հարության մասին Եսայու մարգարեությունից հատվածներ մեջբերելով։

Երրորդ տապանաքարին գեղեցիկ եբրայերենով ցիտված է Տաճարի քահանա Ահարոնը։

Ամենագեղեցիկ արձանագրություններից մեկը թվագրվում է մեր թվարկության 1266 թ. «թիշրեյ» ամսվա 18-րդ օրով և նվիրված է «կույս օրիորդ, նշանված Եսթերի` Միքայելի դստեր։ Թող նրան վիճակվի լինել մեր մայրապետ Սառ[ա]ի հետ…» հիշատակին։

Մյուս կողմում գրված է. «վայելչությունը սուտ է, իսկ գեղեցկությունը` ունայն» եբրայերեն Սուրբ գրքի Գիրք Առակացից (31։30) և շարունակվում է` ասելով, որ Եսթերն «աստվածավախ» էր։

Գերեզմանատան մի քանի տապանաքարեր, հայկական խաչքարերի հետ մեկտեղ, օգտագործվել են որպես շինանյութ մոտակա կամրջի և ջրաղացի հատակի համար։ Մնացածը լավ են պահպանվել պարսպապատ բացօթյա տարածքում, ծառաշատ անտառակի հարևանությամբ։