Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 3: Տաճարի արտաքին հարդարանքը, Շինությունը, Կատարման հմտությունները, Քարգործ վարպետները, Ջրհորը

Տաճարի արտաքին հարդարանքը

Շինությունը
Զվարթնոցի հորինվածքը ներկայացնում է արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով երեք գլանային ծավալների ներդաշնակ ամբողջություն։ Արտաքուստ բոլորաձև տաճարը ներքուստ խաչաձև կենտրոնագմբեթ կառույց է՝ 4 հավասար խաչաթևերով։ Թևերից արևելյանը հոծ է և ներառում է բեմը, իսկ մնացած երեքը լուծված են 6-սյունանի կիսաբոլոր կամարաշարով` վերնամասում զամբյուղահյուս խոյակներով։ Արտաքուստ շրջանաձև հորինվածքն իրականում բազմանկյուն է։ Տաճարն ունեցել է 45-49 մ բարձրություն։

Հորինվածքի առաջին աստիճանը 32 նիստանի է, երկրորդը` 16, իսկ երրորդը` 8. նիստերից յուրաքանչյուրին արված են լուսամուտի 1-ական կամարակապ բացվածքներ։ Ճոխ հարդարանքով աչքի է զարնել առաջին հարկը. երկրորդ ու երրորդ հարկերն ունեցել են առավել զուսպ հարդարանք` շինությանը հաղորդելով սլացիկություն։

Վերնամասում տաճարն ավարտվել է գմբեթի սրածայր վեղարով` ծածկված կարմիր կղմինդրով։

Կատարման հմտությունները

Ճարտարապետական այս գլուխգործոցը կառուցվել է 1000 տարի կանգուն մնալու կանխատեսմամբ` մինչև «Քրիստոսի երկրորդ գալստյան» ժամանակը։ Բազմաստիճան հիմքն ու տաճարի տպավորիչ ծավալները պայմանավորել են ողջ համալիրի վեհությունը։

Ըստ վկայություններից մեկի` եկեղեցին կառուցվել է նախատեսվածից մեկ մետր բարձր. նկատի է առնվել կրաշաղախի օգտագործման պարագայում շարվածքի ժամանակի ընթացքում աստիճանաբար նստելու միտումը։

Կրաբետոնի մեջ օգտագործվել է փշրած վանակատ (օբսիդիան), որը թրծելիս դառնում է առավել թեթև։ Վերջինս խառնել են կրաշաղախին՝ այն դարձնելով ավելի թեթև, բայց և ավելի ամուր սովորական կրաշաղախից։

Քարգործ վարպետները

Տաճարի առաջին հարկի 32 նիստերին արտաքուստ փորագրված աշխարհիկ և հոգևոր անձանց բարձրաքանդակ դիմապատկերները (պահպանվել են 9-ը) հավանաբար վերաբերում են նաև շինությունը իրականացրած քարգործ վարպետներին։ Վարպետներից հայտնի է միայն Հովհանի անունը։ Յուրաքանչյուրն ունեցել է իր ուրույն ոճը. ոճերի վերլուծությունը թույլ է տվել հնագետներին և ուսումնասիրողներին որոշել, թե որ մասը որ վարպետի ձեռքի գործն է։ Մեկ այլ տեսակետի համաձայն այդ քանդակները խորհրդանշում են երկնային զորությունները։

Ջրհորը

Տաճարի անմիջական հարևանությամբ, արևմտյան կողմում ջրհորն է։ Խորությունը 49 մ է. այն ջրով է ապահովել ողջ համալիրը։ Չի բացառվում, որ ջրի առկայությամբ է պայմանավորվել նաև Զվարթնոցից առաջ նույն վայրում հեթանոսական մեհյանի կառուցումը. ջրի պաշտամունքը բնորոշ է եղել նախապատմական Հայաստանին (բրոնզի և երկաթի դարաշրջան)։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

Share |