Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 4: Տաճարի հորինվածքը

Տաճարի հորինվածքը

Ոմանք հակված են կարծելու, որ Զվարթնոցի մտահղացման հիմքում Աստծո ձեռքի պատկերն է` ափը արևելքում, իսկ հինգ մատները` դեպի արևմուտք։ Իրականում հատակագիծը թեև շրջանաձև է, բայց դժվար չէ պատկերացնել ձեռքի խորհրդանիշը. արևելյան վեհարանը՝ ափն է, շրջանի հինգ մուտքերը խորհրդանշում են հինգ մատները։

Խաչի թևերը կազմվել են վեցական զանգվածեղ մույթերի վրա հենված 4 կիսաշրջան սյունակամարաշարերով։ Հատակի նիշից զգալիորեն բարձր գլխավոր խորանը, ուր կազմակերպված է նաև բեմը, արևելյան խաչաթևում է և ավարտվել է խճանկարով ու որմնանկարներով զարդարված հոծ պատով։ Խաչի մյուս 3 թևերը կազմվում էին ներքին խորաններով, որոնք ստորին մասում սյունակազմ են։

Ի հակադրություն հեթանոսական ավանդույթի, գլխավոր խորանը` սեղանը կազմակերպված է արևելյան կողմում, ուր նաև մկրտության ավազանն էր։ Խորանի անմիջապես հետևում հանդերձարանն էր։

Ամբողջապես տաճարն արտաքուստ եռաստիճան, հետզհետե նվազող տրամագծերով կենտրոնակազմ գմբեթավոր հորինվածք է։ Առաջին և ամենամեծ աստիճանը (յարուսը) 35,75 մ տրամագծով շրջան է, որը լուսավորվել է յուրաքանչյուր նիստի վրա բացված մեկական լուսամուտով։

Ներքուստ, տաճարի կենտրոնում, ուղիղ գմբեթի տակ՝ հատակին արված բացվածքը քարե աստիճաններով տանում է շենքի ներքնահարկ, ուր ամփոփված էր Սբ Գրիգոր Լուսավորչի մասունքը։

Ներքին տարածության հիմնական բնութագրիչներ են նաև կոր լուսամուտները՝ տեղադրված առաջին հարկի պատի ողջ շրջագծով։ Լուսամուտների շուրջը քանդակված էին երկրաչափական պատկերներ՝ լրացնելով սյուների արծվախոյակները, որմնանկարներն ու հատակի խճանկարները։ Ճոխ հարդարանքի վկայություններ են հանդիսանում պահպանված բարձրաքանդակները, որմնանկարներն ու,ճարտարապետական մանրամասները։ Ցավոք ներքին հարդարանքի մեծ մասը չի պահպանվել, սակայն պահպանված դրվագներն անտարակույս շքեղ հարդարանքի վկայություններ են։ Դրանցից առավել լավ պահպանվածները ցուցադրվում են համալիրի թանգարանում։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

Share |