Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 5: Տաճարի ներքին հարդարանքը, Քարգործ վարպետները

Տաճարի ներքին հարդարանքը

Զվարթնոցի ամենաուշագրավ տարրերից է տաճարի ներքին հարդարանքը. պատերի, հատկապես արևելյան խորանի որմնանկարները և կամարների, խոյակների, քիվերի, բարավորների նուրբ դեկորատիվ քանդակները, ինչպես նաև շինարար վարպետների բարձրաքանդակները։ Հատակը զարդարված էր խճանկարով, որից հատվածաբար դրվագներ են պահպանվել։

Ճակատների, եզրագոտիների, լուսամուտների ու քիվերի մակերեսները զարդարված են եղել նռնաքանդակներով ու խաղողաքանդակներով։ Խաղողը խորհրդանշում էր Տիրոջ արյունն ու Հարությունը, մինչդեռ նուռը Հայաստանում պտղաբերության խորհրդանիշն էր։

Վերակառուցված սյուների վրա կարող եք տեսնել խոյակների նախաստեղծ օրինակները, որոնցում զուգորդված են կորնթական ճարտարապետության և վաղ հայկական խաչքարերի զարդանախշերը։ Դրանցից որոշները կրում են Ամենայն Հայոց Կաթողիկոս Ներսես Գ Իշխանցու անվանատառերը` «Ն» կամ «Կ»։

Որոշ խոյակներ ավարտվում են արծվաքանդակով` ինչը խորհրդանշում էր հաղթանակը, ուժը և հարությունը Հին աշխարհում ու միջնադարում։ Նախաքրիստոնեական մի ավանդազրույց պատմում է, որ արծիվը կարողանում էր վերակենդանացնել մեռածներին։ Քանդակազարդ խոյակների նմանատիպ օրինակների հանդիպում ենք նաև Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզում գտնվող Երերույքի բազիլիկում (5-րդ դար)։

Քարգործ վարպետները
Ընդունված տեսակետներից մեկն այն է, որ Զվարթնոցում պահպանված բարձրաքանդակ դիմապատկերները ներկայացնում են շինարար վարպետներին` թեև սովորաբար ավելի շատ ընդունված է եղել թողնել անվան սկզբնատառերը։

Եթե ապավինենք այս տեսակետին, ապա քարգործները պատկերված են գործիքները ձեռքներին, իսկ կողքին նշված է յուրաքանչյուրի անվան սկզբնատառը կամ ամբողջական անունը (դրանցին մեկն ընթերցվում է «Յոհան»)։ Գուցեև ընդունելի է, որ 32 նիստերի վրա (պահպանվել են միայն 9) պատկերված մարդիկ հենց տաճարը կառուցող քարգործներն են։

Բարձրաքանդակների պատկերները զարմանալիորեն իրապատում են ներկայացնում ժամանակի անձանց բնորոշող դիմագծերը, հագուստն ու կեցվածքը։ Հետևելով խաչքարերի կերտման մեկը մյուսին չկրկնելու սկզբունքին` Զվարթնոցի մարդկային պատկերաքանդակները ևս ինքնատիպ են` մեկը մյուսից տարբերվում են կեցվածքով, գործիքներով և այլ մանրամասներով։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

Share |