Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 6: Ավերման վարկածները, Պեղումները, Վերակազմությունը

Ավերման վարկածները

Զվարթնոցը կանգուն մնաց 320 տարի՝ մինչ 10-րդ դարում տաճարի ավերումը։ Այն արդեն ավերակ էր, երբ Ստեփանոս Տարոնեցին (Ասողիկը) գրում էր իր Պատմությունը և տեղեկություններ հաղորդում Զվարթնոցի տաճարի վերաբերյալ։ Չի նշվում ավերման և ոչ մի պատճառ` ինչը մինչ օրս շարունակում է մնալ վիճաբանությունների առարկա։ Գլխավոր վարկածները 2-ն են` ավերիչ երկրաշարժը կամ արաբական արշավանքները։

Ընդունելի հավանական պատճառաբանությունը երկրաշարժն է` թեև կառուցելիս ակնկալում էին, որ այն կդիմանա 1000 տարի` մինչև Քրիստոսի երկրորդ գալուստը։ Պեղումների ժամանակ հայտնաբերվել են մեծ հրդեհների հետքեր, հնարավոր է՝ դրանք տաճարն ավերելու ավելի վաղ արված փորձերի հետքերն են։

Տեսակետներից մեկն էլ այն է, որ արաբները պատերի շարվածքից հեռացրել են հանգուցային հիմնաքարերը՝ թուլացնելով կառույցն այնպես, որ այն, ի վերջո, փլուզվել է սեփական ծանրությունից։

Բնական գործոնների և ազդեցությունների հետևանքով աստիճանական անկում ապրած կառույցը գուցե և ի վերջո ավերվել է աղետալի երկրաշարժից։

Պեղումները

20-րդ դարի սկզբին ավերակ Զվարթնոցը տակավին ծածկված է եղել հողի հաստ շերտով։ Պեղումները ձեռնարկվել են Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ` 1901-1907 թթ.։ 1904 թվականից որպես գիտական ղեկավար մասնակցել է Թորոս Թորամանյանը։ 1905 թ. վերջինս հրապարակել է պեղումների արդյունքները, իսկ 1908 թ. Զվարթնոցի արշավախմբին է միանում ճանաչված հնագետ Նիկողայոս Մառը` նշելով, որ 1000 թ. Անիում Գագիկ Բագրատունի թագավորի կարգադրությամբ կառուցված Գագկաշեն կամ Սուրբ Գրիգոր եկեղեցին Զվարթնոցի նմանակն է։

Զվարթնոցի գտածոներից հնագույնը 0,63x2,7 մ չափերի կոթողն է Ռուսա 2-րդ ուրարտական արքայի սեպագիր արձանագրությամբ` շինարարական աշխատանքների, այգիներ տնկելու, ջրանցք կառուցելու և աստվածներին զոհաբերություններ մատուցելու վերաբերյալ։

Պեղումների ընթացքում հայտնաբերվել են տաճարը, նրանից հարավ-արևմուտք գտնվող կաթողիկոսական պալատն` օժանդակ շինություններով (բաղնիք, խուցեր), տարբեր իրեր, գերեզմաններ, խաղողի հնձան և այլն։

Վերակազմությունը

Եկեղեցու ճշգրիտ հատակագծային հորինվածքը ևս գիտական վեճերի առարկա է. 1905 թ. Թորոս Թորամանյանը ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը, որի ստույգությունը ապացուցվեց 1906 թ.` Անիում կառուցված Գրիգոր Լուսավորչի տաճարի /Գագկաշեն /պեղումներից հայտնաբերված մանրակերտով։ Վերջինիս` Անիի Սուրբբ Գրիգոր եկեղեցու մասին միջնադարի հայ պատմիչ Ասողիկը գրում է.

«Մեր Տիրոջ հարության հազարերորդ տարվա վերջին, Բազիլ կայսեր գահակալման ժամանակ էր, երբ հայոց Գագիկ թագավորին համակեց Անի քաղաքում Վաղարշապատի Սբ Գրիգորին նվիրված հիասքանչ, բայց այդ ժամանակ արդեն ավերված եկեղեցու նմանությամբ` նրա չափսի ու նախագծի եկեղեցի կառուցելու գաղափարը»։

Հետաքրքրական է նաև այն, որ Փարիզի Սեն Շապել (1243-48 թթ.) եկեղեցու որմնաքանդակները ևս առարկայորեն ապացուցում են Զվարթնոցի վերակազմության ստույգությունը. որմնաքանդակներից մեկում Արարատ լեռան գագաթին պատկերված եկեղեցին հավանաբար ներկայացնում է Անիի Սուրբ Գրիգորի մանրակերտը։

Թորոս Թորամանյանի կողմից առաջարկված վերակազմության մանրակերտը ցուցադրվում է Հայաստանի պատմության թանգարանում։

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից


 

Share |