Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 7: Կաթողիկոսական պալատը, Բաղնիքը (14), 5-6-րդ դդ. եկեղեցին (15)

Կաթողիկոսական պալատը

Զվարթնոցի պալատն ինքնատիպ կառույց է` կազմված տաճարի բակը հարավից և արևմուտքից գոտևորող փոխուղղահայաց թևերից, որոնք իրարից անջատվել են միջանցքով։ Հատակագծը գրեթե քառակուսի է։ Այս պալատում է ապրել ու գործել է Ներսես Գ Իշխանցի Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ ղեկավարելով պայքարն արաբների, բյուզանդացիների ու հեթանոսության մնացորդների դեմ. որոշակի ժամանակահատված Զվարթնոցի պալատը հանդիսացել է նաև կաթողիկոսանիստ։

Արևմտյան թեւը, որը պալատի հանդիսությունների մասն է ներկայացնում, պարունակում է իրար կից փայտածածկ ամառային (6) և թաղակապ ձմեռային դահլիճներ։

Արևելյան թեւը կազմված էր բնակելի սենյակներից (8), բաղնիքից, 5- րդ դարով թվագրվող միանավ եկեղեցուց և տաճարին նայող սյունասրահից։

Գահասենյակը (5) գտնվում էր սյունազարդ սրահի (6) և ծառայողական (7) ու բնակելի հատվածների (8) միջև։ Այն նախատեսված էր կաթողիկոսի կարևոր հանդիպումների համար։ Ինչպես Դվինում և Հառիճում, Զվարթնոցի օրինակում ևս օգտագործված են եղել թաղակապ ծածկը պահող որմնահեցեր, որոնցով կազմվում էին կամարաձև որմնախորշեր։

Զվարթնոցի կաթողիկոսական պալատը Հայաստանում պահպանված 7-րդ դարի ամենամեծ քաղաքացիական շինությունն է։

Բաղնիքը (14)
Բաղնիքը կազմակերպված է արևելյան թևի վերջում, պալատական շինություններից ամենից մոտն է տաճարին։ Այն բաժանված էր հասարակական ու մասնավոր սրահների՝ կարևոր անձանց համար։ Ինչպես և Գառնիի բաղնիքը, սա ևս կրկնում է Հռոմում ընդունված «հիպոկաուստ» համակարգը. տաքացվում էր սալապատ հատակը, որտեղից ջերմությունը, աստիճանաբար նվազելով, տարածվում էր բաղնիքի սենյակներով՝ հանդերձարանից մինչև սառը լողասենյակը, անցնելով տաք լողասենյակով, գոլ բաժանմունքով ու շոգեբաղնիքով։

5-6-րդ դդ. եկեղեցին (15)
Բաղնիքից հարավ պահպանվել են 5-6-րդ դդ. փոքրաչափ եկեղեցու հիմքերը, որից հարավ` խաղողի քարաշեն հնձանն է։ Ենթադրվում է, որ եկեղեցին կառուցվել է 4-րդ դարում` հեթանոսական մեհյանի տեղում։

 

Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից


 

Share |