Զվարթնոց

Վերադառնալ գլխավոր էջ


Զվարթնոց 9: Կարասները, Գինեգործությունը Հայաստանում

Կարասները

Պալատի գինու շտեմարանը /մառանը/ գտնվել է գահասրահին կից հյուսիսային կողմում։ Այստեղ կարող եք տեսնել պեղումների ժամանակ հայտնաբերված միջնադարյան կարասները։ Դրանք պատրաստվել են տեղական կավից այնպես, որ գինու խմորման ընթացքում կողքի թեքվեն, իսկ երբ գինին պատրաստ լինի՝ ուղիղ կանգնեցվեն։

Գինեգործարանը

Պալատին ավելի ուշ հավելված օժանդակ կառույցների թվում է գինեգործարանը՝ բաղնիքից դեպի հարավ։ Այն հայտնաբերվել է Թորոս Թորամանյանի գլխավորած պեղումների 2-րդ շրջանում` 1931 թ.։ Այստեղ կար խաղողի հնձան՝ կլոր ու քառակուսի լայնաբերան մեծ տաքարներով (գուռերով), որտեղ հավաքվում էր ոտքերով ճզմված խաղողի հյութը։ Այնուհետև, խմորման նպատակով հյութը լցվում էր մյուս սրահներում գտնվող կարասների մեջ, և գինի դառնալուց հետո միայն մատուցվում էր կաթողիկոսին ու պալատի հյուրերին։ Յուրաքանչյուր գուռ 4-5 հազար լիտր գինու տարողություն ուներ, դրանց ընդհանուր տարողությունը կազմում էր 22 հազար լիտր։ Պալատի տարածքում ցուցադրված 2 մեծ կարասները գինու խմորման համար օգտագործվող տարաներն են ։

Գինեգործությունը Հայաստանում

Գոյություն ունեն հայկական խաղողի բազմաթիվ տեսակներ, և այնպիսիք, որոնք մշակվել են դեռևս Հին Հայաստանում. Կարմիր բլուրում /Երևան/ հայտնաբերված խաղողի ածխացած սերմերը վկայում են, որ Ոսկեհատ, Գառան դմակ, Մսխալի, Արարտի և այլ տեսակները տեղական ծագում ունեն։ Գինու և մրգահատապտղային խմիչքի արտադրության մասին են վկայում դեռևս նեոլիթի դարաշրջանի գտածոները։ Ցորենի և խաղողի մշակությունը լայնորեն կիրառվել է նեոլիթի դարաշրջանի «հայկական խոհանոցում»։ Մեզ հայտնի ամենահին հնձանը գտնվել է Հայկական բարձրավանդակում՝ Ուրմիա լճի մոտակայքում։ Սննդի մշակման այնպիսի բազմազան մեթոդների իմացությունը ինչպիսիք են` խմորումը, հասունացումը, ջերմամշակումը, համեմումը և այլն, թույլ են տալիս նեոլիթի դարաշրջանի մարդուն վերագրել հացի, գինու, գարեջրի, մսամթերքի, հացահատիկի վաղ արտադրությունները։

Ավելի ուշ, հույն պատմիչ Հերոդոտը (Ք. ա. 5 դ.) նկարագրում էր, թե ինչպես էին Եփրատ ու Տիգրիս գետերով Հայաստանից Բաբելոն գինի փոխադրում. կլոր կաշվե նավակները բարձված էին արմավենու փայտից պատրաստված գինու տակառներով։

Ժամանակին համընթաց գնալով կատարելագործվում էին սննդի և խմիչքի պատրաստման ու պահպանության հմտությունները. հատկապես կարևոր էր կավե ամանեղենի պատրաստումը, որ սկզբնավորվեց Ք.ա. մոտ 6000 թ.։ Թրծված կավը ենթակա չէ բնական փտման, իսկ ծակոտկենությունը թույլ է տալիս «շնչել»՝ ապահովելով գինու խմորման համար գերազանց պայմաններ։


Տեքստը խմբագրված է «ԻԿՕՄՕՍ/Հայաստան» հ/կ-ի կողմից

 

Share |